Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած ու անցնող հասարակությունը։
Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։
Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։
Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։
Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։
Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։
Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։
Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։
«Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։ Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։
Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։
Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։
Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից, ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։
Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։
Դրանից խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։
Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն.
ա. Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։
բ. Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։
գ. Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։
Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք։
Վահե Հովհաննիսյան